Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արցախը նախագահ կընտրի Բակո Սահակյանի՞ն

Արցախը նախագահ կընտրի Բակո Սահակյանի՞ն
02.07.2017 | 12:40

Հուլիսի 19-29-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են: Նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովում: Ոչ թե 5, այլ` 3 տարով: Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020-ը սահմանվել է անցումային շրջան: Սահմանադրական հանրաքվեից հետո մեծ փոփոխություններ պետք է կատարվեին` համապատասխանեցվեր օրենսդրական դաշտը, փոփոխվեին օրենքներ, որին հատկացվել է 3 տարի: Նախագահ Բակո Սահակյանի լիազորություններն ավարտվում են 2017-ի սեպտեմբերի 7-ին, մինչ այդ հնարավոր չէր անցնել նոր Սահմանադրության և խորհրդարանական ու նախագահական համաժողովրդական ընտրություններ անցկացնել: Այդ պատճառով որոշվել է, որ անցումային շրջանում Ազգային ժողովը կընտրի նախագահ, որ կստանձնի պարտավորությունները 2017-ի սեպտեմբերի 7-ից հետո: Անցումային փուլի ավարտից հետո` 2020-ին, կկազմակերպվեն ԱԺ-ի և նախագահի համաժողովրդական ընտրություններ:

Նախագահի թեկնածուներ պետք է առաջադրեն քաղաքական կուսակցությունները: Ընտրությունը կարգավորվելու է Սահմանադրության անցումային դրույթներով՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնում է Սահմանադրությանը: Գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը ԱԺ-ն խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:


Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի, իսկ հանրապետության նախագահի արտահերթ ընտրության դեպքում` ընտրվելու օրվան հաջորդող տասներորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ»:
Ընդդիմադիր «Ազգային վերածնունդը» հունիսին գործադիր մարմնի նիստում քննարկել է հարցը, բայց դեռ չեն որոշել` թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ պաշտպանելու են որևէ մեկի թեկնածությունը: Չեն բացառում, որ կպաշտպանեն այլընտրանքային թեկնածուի, բայց ոչ Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: Չկասկածեք, որ նաև կպաշտպանի:


Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ժողովրդավարական կուսակցության 5-րդ համագումարը լիազորել է «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:
ՀՅԴ-ն այս շաբաթ կքննարկի՝ առաջադրելու է ի՞ր թեկնածուին, թե՞ սատարելու է որևէ մեկին:
«Շարժում-88»-ից դեռ տեղեկություններ չկան:


«Ազատ հայրենիքի» և Ժողովրդական կուսակցության ձայները բավարարում են Բակո Սահակյանին անցումային նախագահ ընտրելու համար: Դա կլինի նրա երրորդ ժամկետը: Նախորդ Սահմանադրությամբ՝ «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»: Նոր Սահմանադրությամբ՝ «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում»: Փաստացի երկու դեպքում էլ նա չի կարող առաջադրվել, և այնուամենայնիվ, կա սողանցք՝ անցումային ժամանակի համար հստակ չէ՝ այս դրույթները գործո՞ւմ են, թե՞ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փետրվարի 20-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում փոփոխություններին կողմ է արտահայտվել ընտրողների 87 տոկոսը և Արցախը կիսանախագահականից անցնում է նախագահական համակարգի։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:


Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն ԱՀ քաղաքացի, Արցախում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Եթե Բակո Սահակյանից բացի քննարկվում է նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը, որ մինչև 1997-ը իբրև ԼՂՀ ԱԳ նախարար մասնակցում էր եռակողմ բանակցություններին, իսկ 1997-ից բանակցությունների մանդատը փոխանցվեց ՀՀ նախագահին, ստացվում է նոր Սահմանադրության դրույթների խախտում՝ նա վերջին տասնամյակում անընդմեջ չի բնակվել Արցախում, նորից պետք է ապավինել անցումային դրույթների անորոշությանը: Ինչպե՞ս հասնել 2020-ին: Գուցե Իլհամ Ալիևը խառնվել է իրար, որովհետև չգիտի՝ ում հետ է բանակցելու: 2018-ի ապրիլի կեսից Հայաստանի նախագահին ևս ԱԺ-ն է ընտրելու և նրա իրավասությունների մեջ ԼՂ հարցով բանակցություններ վարելը չկա: Բանակցությունները կարող է վարել վարչապետը՝ իբրև պետության առաջին դեմք: Եթե հաջողվի Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան, ինչպես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է պնդում, որ առանց Ղարաբաղի մասնակցության չի կարող ոչ մի որոշում կայացվել, և դա արձանագրվել է բոլոր փաստաթղթերում, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ քարտուղարությանը, բանակցողը լինելու է ԱՀ նախագահը: Կընդունե՞ն նրան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները իբրև լեգիտիմ բանակցող, հաշվի առնելով, որ նա անցումային նախագահ է: ՈՒնի՞ նա բանակցային փորձ ու հմտություններ: Ճիշտ է, անցած տասնամյակում նա հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջան այցելած համանախագահների հետ, բայց այս դեպքում նրա ընդդիմախոսը լինելու է Իլհամ Ալիևը: Փաստորեն՝ բանակցությունների նոր օրակարգ է ձևավորվում՝ ով և ում հետ է բանակցելու, եթե բանակցությունները վերսկսվեն ընդհանրապես:


Ի վերջո կա ևս մեկ կողմ՝ Հայաստանում ու Արցախում գուցե տարօրինակ չի դիտվում, որ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ լինել, իսկ Բակո Սահակյանը նախագահ մնալ, բայց կա նրանց իշխանության լեգիտիմության հարց միջազգային ասպարեզում: Իրավականորեն հիմնավորումներ կգտնվեն, կա քաղաքական էթիկայի ու ժողովրդավարական չափանիշների հարց: Ի՞նչ առավելություն կունենա հայկական կողմը, եթե հավերժ նախագահ Իլհամ Ալիևի դիմաց հավերժության հավակնող հայ վարչապետ կամ նախագահ լինի: Բաքուն չի հրաժարվում պատերազմից, իսկ բանակցային տարբերակում նրան առաջարկվում է հրադադարի ռեժիմի պահպանություն՝ ներկա սահմանները մոնիտորինգի մեխանիզմներով ամրապնդելով: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հետաքրքրում է միայն Ադրբեջանին ու Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն գործնականում Արցախն Ադրբեջանի կազմում չեն տեսնում և դիվանագիտական մեսիջներով Բաքվին արգելում են նոր ագրեսիան: Գուցե ոչ միայն բանակցողների ձևաչափը, այլև բանակցությունների օրակարգն ու սկզբունքներն են փոխվում:

Դիտվել է՝ 5416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ